Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը. Արմեն Խաչատրյան
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է պարեկային ոստիկանություն ստեղծելուն, որը կունենա լայն լիազարություններ: «Պարեկը պետք է լինի հասարակության և պետության միջև կապը: Այսօր մի շարք կոնֆլիկտային հարցեր, հանցագործություններ, իրավախախտումներ կան, ոստիկանությունը չի կարողանում միջամտել այդ հարցերին և խորհուրդ է տալիս դիմել դատարան, որի իրականացման ուղին այնքան երկար է, որ որևէ մեկը չի դիմի»,-ասաց նա:
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ բարեփոխումներն օր առաջ պետք է իրականացվեն: «Բարեփոխումների իրականացումը պայմանավորված է ոչ թե ոստիկանության վատ աշխատելով, կամ չաշխատելով, այլ ժամանակի անհրաժեշտությամբ: Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը, հանցավորություն ասելով՝ նկատի չունեմ «օրենքով գողերին», կրիմինալին, քանի որ այս ուղղությամբ ոստիկանության պայքարը բավականին արդյունավետ է, այսօր մենք ունենք լայնածավալ պայքար կոռուպցիայի դեմ, և նոր պայմաններին ոստիկանությունը պետք է պատրաստ լինի դիմակայելուն»,-ասաց պատգամավորը և օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը գերծանրաբեռված ռեժիմով աշխատելու համար:










