Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է
Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նրա հասցեին վիրավորանքներ հնչեցնելով։ Գրառման փաստի առթիվ նյութեր էր նախապատրաստվում, և մայիսի 27-ին փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է:
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին լուրը Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Ջանոյանը:
Նշենք, որ 2010-ին զրպարտությունն ու վիրավորանքն ապաքրեականացվեցին:Հիմա պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով:










