Այո´, պատերազմ է, և մենք միասնական կոչով պետք է պաշտպանենք ՀՀ քաղաքացիներին՝ օրինակ ծառայելով. Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
Տիկին Զոհրաբյան, արդար չեք, որովհետև մենք այստեղից մի օր երկխոսություն ունեցանք կապված դիմակների հետ, երբ ես ասում էի, որ դիմակ կրել պետք չէ և դուք ասում էիք, որ, այո´, վնասակար է: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որում վերջինս Կառավարությանը կոչ էր անում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ողջ պատասխանատվությունը չդնել քաղաքացիների վրա:
«Աշխարհը նոր է նման բանի հետ առերեսվում, և մեղադրել, ասել, որ սկզբից սենց, հետո նենց, կարող եք, օրինակ, Անգլիայի վարչապետին, կարող եք Գագիկ Ծառուկյանին, ով ասում էր, որ բարի մարդկանց չի կպնում, բայց այսօր հասկանալի պատճառներով չի գալիս դահլիճ և որևէ մեկը չի մեղադրում»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս իրավիճակին ոչ ոք ծանոթ չի եղել, և հայտնի չէ, որ եթե Նաիրա Զոհրաբյանը լիներ առողջապահության նախարարը, ապա ավելի լա՞վ իրավիճակ կարող էինք ունենալ, թե՞ ավելի վատ:
«Դուք հեղինակավոր քաղաքական գործիչ եք, Ձեր ելույթը կարևոր է, այստեղից խոսել, ասել, որ ՀՀ քաղաքացու վրա որևէ մեկը որևէ բան է գցում, արդար չէ: Ես, Դուք այդ առաքելությունը պետք է վերցնենք մեզ վրա և օրինակ ծառայենք ՀՀ քաղաքացիներին: Եթե կարգապահ չլինենք, իսկ մենք բոլորս աչքի չենք ընկնում չինացիների, կամ գերմանացիների պես մեր կարգապահությամբ, և մենք պետք է դա փոխենք»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ գործող իշխանությանը, որը իրեն չի տարբերում և չի առանձնացնում ՀՀ քաղաքացուց, պետք չէ փորձել ՀՀ քաղաքացուց տարանջատել և պաշտպանել: «Այո´, պատերազմ է, և մենք միասնական կոչով պետք է պաշտպանենք ՀՀ քաղաքացիներին՝ օրինակ ծառայելով: Եվ շատ ճիշտ է, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի պատգամավորը այստեղ չէ՝ դիմակ չկրելու պատճառով, և թող չգա, եթե չի կրելու»,- ասաց նա:
Նշենք, որ դիմակ չկրելու համար ԱԺ-ում չէ Գևորգ Պետրոսյանը, ում նկատի ուներ Ալեն Սիմոնյանը:










