ԱԺ-ն ընդունեց «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը. Տարոն Սիմոնյանը գտնում է, որ դա դոմինոյի էֆեկտով կազդի ներդրումային միջավայրի վրա
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 31:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց իրենց մտահագությունները և նշեց. «Էլի շարունակում է բաց մնալ, որ մենք փաստորեն առանց դատարանի թույլտվության հնարավորություն ենք ստանում արժեթղթերի գործարքների հետ կապված ամփոփ տեղեկություններ ստանալ և գտնում ենք, որ սա էական վնաս է հասցնելու ամբողջ արժեթղթերի շուկային, ինչը ցանկանում էինք զարգացել և դա դոմինոյի էֆեկտով ազդելու է ներդրումային միջավայրի վրա»,-ասաց նա:
Նշենք, որ Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:
Ապրիլի 16-ին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 80 «կողմ», 17 «դեմ» և 17 «ձեռնպահ» ձայներով։










