Որևէ մեկն իրավունք չունի իր կեղտոտ «թաթերով» ու գարշահոտ ոտքերով մտնել որևէ մեկի անձնական կյանք. Նաիրա Զոհրաբյանը՝ Անի Սամսոնյանի անձնական կյանքի վերաբերյալ հրապարակման մասին
Որևէ մեկն իրավունք չունի իր կեղտոտ «թաթերով» և գարշահոտ ոտքերով մտնել մեզանից որևէ մեկի անձնական կյանք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Սամսոնյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից վարչապետի հայտարարությունից հետո մամուլում իր նախկին ամուսնու մասին արված հրապարակումներին։ Նա նշել էր, որ երբ վարչապետին փաստեր է ներկայացրել հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին, վերջինս սպառնացել է, դե կհանձնարարի ստուգել Սամսոնյանի ազգականներին, ինչին էլ հաջորդել է մամուլի հրապարակումը։
«Ես հիմա կդժվարանամ ասել՝ ով էր այդ հրապարակման հեղինակը, բայց ես դա համարում եմ անբարո, բարոյալքման ամենավերջին սանդղակը՝ քիթը խոթել մարդկանց, տվյալ դեպքում՝ քաղաքական գործիչների և կին քաղաքական գործիչների անձնական կյանք։ Դա անբարոյականություն է, նշանակում է՝ մեզնից որևէ մեկը պաշտպանված չէ, օրինակ՝ վաղը եթե ես անեմ մի հայտարարություն, որը շատ զայրացնի ինչ-որ մեկին, ուրեմն՝ ի՞նչ, քիթը պետք է խոթեն իմ անձնական կյա՞նք, այն դարձնեն հանրության սեփականություն»,-ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նողկալի, սարսափելի քայլ է՝ քրքրել քաղաքական գործիչների, և հատկապես՝ կանանց անձնական կյանքը, դա այն սահմանն է, որտեղ որևէ մեկը չպետք է մտնի։
«Նրանք, ովքեր կազմակերպեցին մարդու անձնական կյանքի, տվյալ դեպքում՝ Անի Սամսոնյանի անձնական տիրույթ մտնելը, անպայմանորեն պատասխան են տալու։ Չպետք է մոռանալ բումերանգի էֆեկտը»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, թե երկրում պետք է լինի արժեքների հեղափոխություն, և չկիրառվեն կեղտոտ գործիքներ՝ կին քաղաքական գործիչներին լռեցնելու համար։










