Համավարակի պատճառով Աֆղանստանը կանգնած է հումանիտար աղետի առաջ․ կորոնավիրուսն անվերահսկելի կերպով տարածվում է երկրում․ ՓՄԿ
Աֆղանստանը կանգնած է հումանիտար աղետի առաջ, քանի որ COVID-19 կորոնավիրուսն անվերահսկելի կերպով տարածվում է երկրում: Այդ մասին հաղորդում է humanitarian.org-ը՝ վկայակոչելով Փրկության միջազգային կոմիտե ոչ կառավարական կազմակերպությանը:
Կոմիտեի տվյալներով՝ Աֆղանստանի առողջապահության նախարարությունում հնարավորություն ունեն ամեն օր կորոնավիրուսի շուրջ 2 հազար թեստ անցկացնել, սակայն 5-10 անգամ ավելի շատ նմուշներ են ստանում անալիզների համար:
«Դա նշանակում է, որ վարակի հնարավոր դեպքերի 80-90 տոկոսը չի թեստավորվում»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
«Պատերազմի չորս տարիներն ավերել են Աֆղանստանի առողջապահության համակարգը՝ երկրի ավելի քան հինգ միլիոն բնակիչներին, հատկապես՝ կանանց և երեխաներին թողնելով վախի, խնամքի բացակայության, հակամարտության, շահագործման և բռնության մեջ»,-ասել է Փրկության միջազգային կոմիտեի բաժանմունքի տնօրենը։
Կազմակերպությունում անհանգստացած են կորոնավիրուսի պայմաններում ոչ միայն Աֆղանստանի բնակիչների առողջության, այլև երկրի առանց այդ էլ ծանր հումանիտար դրության սրման կապակցությամբ։
Վերջին տվյալներով՝ Աֆղանստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 267 դեպք, որոնցից 294-ը՝ մահվան ելքով։










