«Եվրոպայում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերած երկրներ չկան». ԱՀԿ

14:26 • 03.06.20

Առայժմ Եվրոպայում ոչ մի երկիր COVID-19-ի նկատմամբ իմունիտետ ձեռք չի բերել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի արտակարգ իրավիճակների հարցերով ավագ մասնագետ Կատրին Սմոլվուդը, գրում է ria.ru-ն։

«Եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում մինչ օրս կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվում, ուստի կարող ենք ասել՝ չկա ոչ մի երկիր, որն իմունիտետ է ձեռք բերել հիվանդության նկատմամբ», -ասել է նա առցանց ճեպազրույցի ժամանակ:

Սմոլվուդը հավելել է, որ Իտալիայում վարակի փոխանցումն այժմ հսկողության տակ է:

Կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 213 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 6 469 869 մարդ, մահացել է 382 822 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համավարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: