«Ջորջ Ֆլոյդի սպանությունը սարսափելի հանցագործություն է. դեպքի վայրում գտնված ոստիկանները պետք է պատժվեն». ԱՄՆ պաշտպանության նախարար
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Ջորջ Ֆլոյդի սպանությունն անվանել է «սարսափելի հանցագործություն» և հայտարարել, որ այդ օրը դեպքի վայրում գտնված սպաները պետք է «պատասխանատվության ենթարկվեն նրա սպանության համար»:
«Ջորջ Ֆլոյդի սպանությունը Մինեապոլիսի ոստիկանության սպայի կողմից սարսափելի հանցագործություն է: Դեպքի վայրում եղած սպաները պետք է պատասխանատվության ենթարկվեն նրա սպաության համար: Սա ողբերգություն է, որը, ինչպես ականատես ենք լինում, կրկնվում է մի քանի անգամ»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Էսպերը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Վերջինս հավելել է, որ «ռասիզմն իրական է Ամերիկայում, և պետք է բոլորն անեն առավելագույնը դա գիտակցելու, դրա դեմ պայքարելու համար»:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիներնօրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:










