«Երկրում տիրող մթնոլորտը պարարտ հող է ստեղծում հարձակումների ու սպառնալիքների համար». Բագրատ Էստուկյանը մեկնաբանել է Թուրքիայում հայկական եկեղեցիների դեմ հարձակումները
Թուրքահայ լրագրող Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ Թուրքիայում «տիրող մթնոլորտը պարարտ հող է ստեղծում հարձակումների և սպառնալիքների համար»: Այսպես հայազգի լրագրողը մեկնաբանել է Թուրքիայում վերջին ժամանակները հայկական եկեղեցիների վրա կատարվող հարձակումներն ու «Հրանտ Դինք» հիմնադրամին ու Դինքի ընտանիքին ուղղված սպառնալիքները: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը:
Մայիս ամսին փորձել էին հրկիզել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, դրան հաջորդել էր Սկյուտար թաղամասում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակումը, որի ժամանակ հանել էին դարպասի վրայի խաչը և նետել գետնին:
Եկեղեցիների վրա հարձակումներից բացի սպառնալից նամակներ են ուղղվել «Հրանտ Դինք» հիմնադրամին, որոնցում սպառնացել են սպանել Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, և հիմնադրամի փաստաբանին:
Մեկնաբանելով հարձակումները, Էստուկյանը հայտարարել է, որ այդ ամենը երկրում թշնամական խոսքի տարածման հետևանք է:
«Մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ եկեղեցիների վրա հարձակում է տեղի ունենում: Բացի այդ, սպառնալից նամակներ են ուղարկվել «Հրանտ Դինք» հիմնադրամին: Չնայած որ դրանք շատ անհանգստացնող բաներ են, բայց մենք չենք զարմանում, քանի որ երկրում տիրող մթնոլորտը պարարտ հող է ստեղծում այսպիսի բաների համար: Մարդիկ, ում հետ մենք գործ ունենք, հանցագործ կերպարներ են: Ինչքան էլ իմանանք, որ այդ սպառնալիքներից երկուսը դատարկ են, բայց չորրորդը, հնարավոր է, իրական լինի»,-ասել է Էստուկյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը տեղեկացրել է, որ վերջին շրջանում երկրորդ սպառնալից նամակն է ստացել: Էլեկտրոնային փոստով ուղարկված նամակում մասնավորապես գրված է. «Մենք, հնարավոր է, մի գիշեր գանք»:










