GoFundMe բարեգործական կայքում Ջորջ Ֆլոյդի հիշատակի համար մեկ շաբաթում ավելի քան 10 միլիոն դոլար է հավաքվել
ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի թաղման ծախսերը հոգալու և նրա ընտանիքին աջակցություն ցուցաբերելու նպատակով GoFundMe բարեգործական կայքում բացված էջում 10 միլիոն դոլար գումար է հավաքվել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երեքշաբթի առավոտյան տվյալներով՝ «Ջորջ Ֆլոյդի հիշատակի հիմնադրամ»-ին 390 100 նվիրատուների կողմից 10 113 200 դոլար է փոխանցվել։ Նշվում է, որ սա GoFundMe կայքի պատմության մեջ ամենահաջողված արշավներից է։
Հայտնի է, որ նախնական ակնկալվող գումարի սահմանաչափը 1,5 միլիոն դոլարն է եղել, օգտատերերը սոցիալական ցանցերում կիսվել են այս էջով ավելի քան 241 200 անգամ։
Էջը վեց օր առաջ ստեղծվել է Ջորջ Ֆլոյդի եղբոր՝ Ֆիլոնայս Ֆլոյդի կողմից, որը նաև հուզիչ նամակ է ներկայացրել, որում նշվում է, որ իր կյանքը եղբոր մահից հետո «կոտրվել» է։
Հայտնի է, որ գումարն օգտագործվելու է Ֆլոյդի հոգեհանգստի և թաղման, ընտանիքին հոգեբանական աջակցության, դատական գործընթացների համար անհրաժեշտ ծախսերի համար։










