Ոստիկանությունը չկարողացավ վերահսկել իրավիճակը, քանի որ մեծ թվով մարդիկ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները. Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ճեպազրույց (տեսանյութ)
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակը ՀՀ-ում շարունակում է լարվել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, երեկ 515 նոր դեպք ենք ունեցել և վերջին օրերի թվաբանությունն իր համար որևէ ձևով հասկանալի չէր, քանի որ իրենք մի քանի անգամ քննել և վերաքննել են պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները։
«Մենք որևէ կասկած չունենք, որ այդ կանոնների պահպանումը պետք է բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման։ Ըստ էության՝ պատճառների մասին պետական մարմինների զեկույցներն ինձ չէին բավարարում և ես դիմեցի ինձ համար ամենավստահելի մեթոդներից մեկին՝ հանրությանը, որպեսզի հանրության ներկայացուցիչները, ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, իսկ հրեշավոր իրականությունն այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ։
«Ըստ էության՝ այս իրավիճակում շատ ընդունված է, որ քննադատության խոսքեր պետք է ասել ոստիկանության հասցեին և այդ քննադատությունը հասկանալի է, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում՝ ես արձանագրեցի, որ գործ ունենք 2018թ. հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային տարբերակի հետ։ Դեռ այն ժամանակ ես ասել եմ՝ կա մի գործողություն, որից առավել աշխարհի ոչ մի ուժային կառույց չի կարող այդ երևույթի դեմ պայքարել, և եթե հակահամաճարակային կանոնները չի պահպանվում հանրության 10, 20, 30 տոկոսի կողմից, ապա այդ դեպքում ոստիկանության ներգործությունը կարող է լինել արդյունավետ։ Բայց եթե մեծամասնության կողմից, առնվազն տարբեր դրվագներով չի պահպանվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երեկ ֆլեշմոբի արդյունքում իրենք արձանագրեցին հետևյալը, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանում հանրության ամենատարբեր շերտերը՝ ամենալայն ծավալներով։ Ըստ Փաշինյանի՝ այս ընթացում իրենց հաջողվել է բացահայտել տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ և այս ամենն իր ծավալներով բերել է եզրակացությանը, որ գործ ունեն հակահամաճարակային կանոնների ապակենտրոն չպահպանման հետ։
«Այս ամենը պիտի ունենա պատճառ․ ինձ համար շատ կարևոր է հասկանալ պատճառները, և ըստ էության՝ գտել եմ հարցի պատասխանը և կարող եմ ասել, որքան էլ զարմանալի թվա 2020թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել առաջին 6 ամսվա տվյալներով, քան 2019թ.»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ հետևանքն այն է, որ չնայած համաճարակային մեծ աղմուկին՝ մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, և սա ունեցել է ենթագիտակցական ազդեցություն։ Նա ասաց նաև, որ պատճառն, այն է` կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, և այն մարդիկ նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից։
«Եվ ուզում եմ արձանագրել հետևյալը, ինչու են մարդիկ այլ պատճառներից քիչ մահացել, որովհետև կորոնավիրուսի բերումով, շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ։ Կորոնավիրուսի բերումով, շատ մարիդ հոսպիտալացվել են և բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլ մնացած հիվանդություններից»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ երեկվանից իրենց հաջողվել է հասկանալ պրոբլեմի ծավալը։
Մանրամասները՝ տեսանյութում։










