Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսի համավարակային իրավիճակից կարողացել է «դուրս պրծնել»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսի համավարակային իրավիճակից կարողացել է դուրս պրծնել և ճիշտ է արել, որ չի դադարեցրել արտադրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ չորեքշաբթի նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հանրապետության կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկություններ են քննարկվել։
«Ես արդեն ասել եմ․ համաշխարհային ճգնաժամը նաև Բելառուսի վրա է ազդում։ Լավ է, որ այդպես դուրս պրծանք համավարակային իրավիճակից, չկանգնեցրինք արտադրությունը։ Եթե կանգ առնեինք, երբեք այս արտադրությունը չէինք սկսի։ Դա միայն հեքիաթում կարող էր տեղի ունենալ»,- նշել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ այս ճգնաժամային իրավիճակում չի կարելի առաջընթացի թեև աննշան դինամիկան կորցնել, անհրաժեշտ է «բոլորի համար անսպասելի ճգնաժամային իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար» ավելի ակտիվ աշխատել, հատկապես՝ տնտեսության ոլորտում։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 255 դեպք, որից 243-ը՝ մահվան ելքով։ Հանրապետությունը կորոնավիրուսի ֆոնին կարանտինային միջոցառումներ չի ձեռնարկել, ձեռնարկությունների աշխատանքը չի դադարեցրել, սակայն խստացրել է տրանսպորտի բոլոր տեսակների մուտքը երկիր։










