Արցախի վիճակն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանում տիրող իրավիճակով, իսկ ՀՀ-ում վարակակիրների քանակն այնքան շատ է, որ պետք է մտահոգի. Արցախի նախագահը՝ ԱՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Պատասխանատուները կարողացել են այս ընթացքում իրականացրած ճիշտ միջոցառումների շնորհիվ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, բայց քանի գնում է, դժվարանում է, քանի որ Արցախի վիճակն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանում տիրող իրավիճակով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Եթե մեկ ամիս առաջ ՀՀ-ում ընդամենը 1000-2000 վարակակիր էր, այսօր անցել է 10․000-ը: Ամեն օր ՀՀ-ից Արցախ մտնում են ավելի քան 500-600 մեր հայրենակիցներ, դրա համար հավանականությունը շատ է մածանում, որ նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք կրում են վարակը: Խնդիրն այն է, որ ՀՀ-ում վարակակիրների քանակն այնքան շատ է, որ պետք է մտահոգի»,-ասաց նա:
Արցախի նախագահը ևս հայտարարեց՝ սա պատերազմ է չերևացող թշնամու դեմ: «Ինչպես մենք կարողանում ենք մոբիլիզացվել և գնալ առաջնագիծ, այսօր մենք բոլորս պետք է համախմբվենք և պայքարենք այդ վիրուսի դեմ: Սա շատ ավելի հեշտ պայքար է: Ընդամենը ցանկացած քաղաքացի ցանկացած քաղաքացու հետ պետք է շփվի՝ պահպանելով կանոնները: Վարակի տարածման արագությունն առաջին հերթին կախված է լինելու բնակչների քաղաքացիական պատասխանատվությունից»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, թե պետք է անեն ամենին ինչ, որ վարակը չդառնա ազգային սպառնալիք:
ԱՀ նախագահն ընդգծեց՝ ՀՀ-ԱՀ սահմանը փակելն անհնար է, քանի որ մատակարարում է կատարվում, և տարբեր այլ անհրաժեշտություններ կան, բայց կխստացվի ելումուտը: Նրա հրահանգով՝ կկազմակերվեն կամավորների խմբեր, որոնք կաշխատեն հասարակության հետ՝ տեղեկատվական արշավ իրականացնելով:
Հիշեցնենք՝ Արցախում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 57 դեպք, նրանցից 26-ն առողջացել են:
Մանրամասները՝ տեսանյութում:










