Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը՝ հասնելով 3 068 410-ի, ակտիվ դեպքերի թիվը գրեթե նույնչափ է՝ 3 002 864։ Հիվանդությունից մահացել է ընդհանուր 382 507 մարդ, այս մասին հայտնում է Worldometers թարմացվող տվյալների կայքը։
Բրազիլիան նախօրեին հայտնաբերված նոր վարակակիրների և մահվան ելքով դեպքերի թվով գերազանցել է ԱՄՆ-ին։ Բրազիլիայում մեկ օրում մահացել է 1232 մարդ, հայտնաբերվել է ընդհանուր 27 000 նոր վարակակիր։ ԱՄՆ-ում գրանցվել է մահվան ելքով 1134 նոր դեպք, նոր վարակակիրների թիվը հասել է 21 000-ի։
Միևնույն ժամանակ հայտնի է, որ Բրազիլիայում, հնարավոր է, որ իրական իրավիճակը շատ ավելի վատ է, քանի որ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստեր շատ քիչ են անցկացվում․ այստեղ մեկ միլիոն բնակչի համար 4000 թեստ է անցկացվում։ Համեմատության համար այս ցուցանիշը ԱՄՆ-ում 56 000 է, Ռուսաստանում՝ 76 000, Իսպանիայում՝ 87 000։
Մինչդեռ Իսպանիայում արդեն երկրորդ օրն անընդմեջ մահվան որևէ դեպք չի գրանցվել։ Ֆրանսիան, իր հերթին, արդեն լքել է ամենաշատ վարակակիրների թվով երկրների տասնյակը։
Ընդհանուր աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6,4 միլիոն դեպք։
Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերուն, Թուրքիան։










