Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8536, մահվան՝ 178 նոր դեպք

12:46 • 03.06.20

Ռուսաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8536 նոր դեպք, գրանցվել է մահվան 178 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մայրաքաղաք Մոսկվայում գրանցվել է 1842, Մոսկվայի մարզում ՝ 736, Սանկտ Պետերբուրգում՝ 380, Սվերդլովսկի մարզում՝ 357 դեպք։ Հայտնի է, որ վարակակիրներից 3287-ի մոտ որևէ կլինիկական ախտանշաններ չկան։

Համավարակի սկզբից երկրի 85 շրջանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 432 277-ի, հիվանդությունից մահացել է 5215, ապաքինվել՝ ավելի քան 195 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի տարածման պիկն արդեն անցած է համարվում։ Այստեղ սկսում են աստիճանաբար թուլացնել սահմանափակումները՝ չնայած որոշ շրջաններում, այդ թվում և մայրաքաղաք Մոսկվայում, ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ որոշ սահմանափակումներ կարող են մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումն ուժի մեջ մնալ։

Ընդհանուր աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,4 միլիոն դեպք։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերուն, Թուրքիան: