Ռուսաստանն ու Թուրքիան միասին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծեն. թուրք նախարար

12:07 • 03.06.20

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանք կտանեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղորայք ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ բանակցություններից հետո իր թվիթերյան օգտահաշվում տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

«Ես բանակցություններ եմ վարել իմ գործընկեր, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ: Դոկտոր Մուրաշկոն նշել է, որ իրենք տեսնում են կորոնավիրուսի դեմ մեր բուժման արդյունավետությունը: Բանակցությունների ընթացքում որոշվել է, որ մեր նախարարությունների հետ կապված հաստատությունները միասին կաշխատեն դեղեր և պատվաստանյութեր ստեղծելու ուղղությամբ»,-գրել է Թուրքիայի առողջապահության նախարարը:  

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 463 647 է, մահացել է 382 709 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: