«Գնացեք բոլորդ գրողի ծոցը, զզվել եմ». Սաակաշվիլին առցանց քննարկման ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը (տեսանյութ)
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նորանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ անցկացրել է առցանց հանդիպում, որի ընթացքում կորցրել է ինքնատիրապետումը:
Ինչպես նշում է newsone.ua կայքը, համապատասխան տեսանյութը հրապարակվել է in time Ukraine յութուբյան ալիքում:
Հանդիպման ժամանակ պաշտոնյան բարկացել է մասնակիցներից մեկի հարցին պատասխանելու ժամանակ: Սաակաշվիլիին հարցրել են՝ երբ հնարավոր կլինի տեսնել նրա կողմից իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ «հստակ գործերը»:
Սաակաշվիլին պատասխանել է, որ «զզվել է» նման հանդիմանություններից և խորհուրդ է տվել ուկրաինացիներին ինքնուրույն ինչ-որ բան անել երկրում փոփոխությունների հասնելու համար:
«Իսկ երբ կոնկրետ գործեր կլինեն: Ի՞նչ է նշանակում կոնկրետ գործեր: Բոլորը, ովքեր այսպես են մտածում, գնացեք գրողի ծոցը: Զզվել եմ այս ամենից: Ուզում են ասել՝ նշանակել ենք պաշտոնի, հիմա ե՞րբ են լինելու գործերը: Ինքներդ շարժեք ձեռքերը, ամեն ինչ ձեր ձեռքերում է, գրողը տանի: Ինչքա՞ն կարելի է ասել՝ մենք այնպիսի հույսեր էինք փայփայում, իսկ նա հիասթափեցրեց: Իսկ միգուցե դուք ինքնե՞րդ շարժվեք»,-բարկացել է պաշտոնյան:










