«Մենք խոստովանում ենք, որ ավելին կանեինք կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, եթե դրա մասին իմանայինք այն, ինչ գիտենք այսօր». Շվեդիայի գլխավոր համաճարակաբան

17:05 • 03.06.20

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրե Տեգնելը, որը գլխավորել է երկրի ոչ միանշանակ մոտեցումը կորոնավիրուսի համավարակի լուծման խնդրում, խոստովանել է, որ տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումների ընդունումն ու հավաքներ կազմակերպելու արգելքը կօգներ խուսափել մեծաթիվ զոհերից: Այս մասին գրում է The Independent պարբերականը:

Sveriges Radio ռադիոկայանի հետ զրույցում Տեգնելը համաձայնել է հարցազրուցավարի հետ, որ Շվեդիայում չափից շատ մարդ է մահացել կորոնավիրուսից:

Սկանդինավյան երկիրն այժմ բնակչության մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում, այն 4 անգամ ավելի բարձր է, քան իր հյուսիսային հարևանների ցուցանիշները:

Շվեդական կառավարությունը նախընտրել էր անտեսել առողջապահության ոլորտի բազմաթիվ փորձագետների խորհուրդները համավարակի ժամանակ երկիրը փակելու վերաբերյալ, և գրեթե բոլոր ոլորտներում ամեն ինչ թողել էր այնպես, ինչպես սովորական ժամանակներում էր: Տարրական և միջնակարգ դպրոցները, ռեստորանները, սրճարաններն ու խանութները բաց էին մնացել, և մինչև հիմա թույլատրված էր մինչև 50 հոգով հավաքները:

Պաշտոնյաները հույսը դրել էին մարդկանց վրա, որոնք, ըստ նրանց, ինքնակամ սոցիալական հեռավորություն կպահեին և կնախընտրեին տնից աշխատել` վիրուսը չտարածելու պատասխանատվությունը թողնելով բնակչության ուսերին:

«Եթե մենք կրկին բախվեինք այդ հիվանդությանը, իմանալով այն, ինչ մենք գիտենք այսօր, ապա սահմանափակումներ կմտցնեինք Ստոկհոլմի մինչ այս արածի և ամբողջ աշխարհի արածի ոսկե միջինի չափով»,-ասել է Տեգնելը:

Ավելի վաղ համաճարակաբանը պաշտպանում էր Շվեդիայի մոտեցումն այս հարցում և քննադատում էր եվրոպական այլ երկրների սահմանափակումները` սահմանների փակումն անվանելով «ծիծաղելի» և «անարդյունավետ»:

Ապրիլ ամսին «Nature» գիտական ամսագրի հետ զրույցում հարցին, թե արդյոք ինքը գոհ է առանց սահմանափակումների մարտավարությունից, Տեգնելն ասել էր. «Այո: Մենք գիտենք, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր է ծեր մարդկանց համար, ինչը, իհարկե, շատ վատ է: Բայց նայելով համավարակներին՝ կան, իհարկե, շատ ավելի վատ սցենարներ, քան այս մեկն է»:

Նա հավելել էր, որ «կամավորության սկզբունքով ռազմավարությունն իրական ազդեցություն է ունեցել», քանի որ գրիպը և ձմեռային վիրուսների թիվն այս տարի նվազել են՝ սոցիալական հեռավորության և ձեռքերի ավելի հաճախակի լվանալու շնորհիվ, և շվեդների տեղաշարժն էլ կտրուկ նվազել է:

Սակայն, միևնույն ժամանակ, վիճակագրությունը ցույց է տվել, որ այս տարվա ապրիլին Շվեդիայում ավելի շատ մարդ է մահացել, քան վերջին 19 տարիների ցանկացած ամսի: Մահացածների շուրջ 90%-ը 70-ից բարձր անձինք են եղել, որոնք ապրում էին ծերանոցներում:

«Հստակ է, որ մեր արածը բարելավելու տեղ ունենք: Լավ կլինի իմանալ, թե ինչն է պետք փակել, որպեսզի ավելի լավ կանխվի վիրուսի տարածումը»,-ասել է Տենգելը հարցազրույցի ժամանակ:

Վերջին տվյալներով՝ Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 40 803 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4542 մարդ: