«Շնորհակալություն, նախագահ». Թրամփն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքում կարգուկանոնի հաստատման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին երկրի մայրաքաղաքում կարգուկանոն պահպանելու համար: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:
«Կոլումբիայի շրջանում (քաղաք Վաշինգտոն) անցած գիշեր խնդիրներ չեն եղել: Հիանալի աշխատանք է կատարվել բոլորի կողմից: Անհաղթ ուժ: Գերիշխում: Մինեապոլիսում նույնպես հիանալի է եղել: (Շնորհակալություն, նախագահ Թրամփ)»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։










