Առաջարկվում է Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացնել նաև առցանց նիստերի միջոցով
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կարող են կայացվել նաև առցանց նիստերի միջոցով, ինչպես նաև առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով:
Նա նշեց, որ համավարակի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել այս ընթացքում կիրառել էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: «Փաստաբանների պալատում ևս հեռավար նիստեր անցկացնելու խնդիր կա: Նախագծով նախատեսվում է նիստերի անցկացման առկա ձևից զատ, նախատեսել նաև նիստերի անցկացման հեռավար տարբերակ և հարցմամբ նիստեր անցկացնելու հնարավորություն: Հեռավար ռեժիմով նիստերն անցկացվում են, ըստ էության, համանցանցի միջոցով կամ հեռահաղորդակցության կապի միջոցներով»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց, որ հարցման միջոցով նիստ անցկացնելը վերաբերվում է այն դեպքերին, երբ հարցում ուղարկելու միջոցով ստացվում է համպատասխան անձանց դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, և որոշում է կայացվում:
Նա նշեց, որ թեև ինքը հեռավար նիստերի անցկացման ջատագով չէ, սակայն իրավիճակը ստիպում է գնալ այդ լուծմանը: «Այս լուծումն անհրաժեշտ է, որ ապահովենք Փաստաբանների պալատի խորհրդի աշխատանքները»,-ասաց նա:










