Մահաբերության ցուցանիշը Հայաստանում բավակականին ցածր է` համեմատած համաշխարհային միջին գործակցի հետ. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)

13:58 • 03.06.20

Կանխարգելիչ միջոցառումներն անընդհատ փոփոխման են ենթարկվում` կապված վիճակագրական վերուծության արդյունքներից, աճի տարածման տեմպից, և այստեղ մեղավորներ պետք չէ գտնել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է. լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Դիտարկմանը, թե եղել են իրարամերժ հայտարարություններդիմակներ կրել-չկրելու հետ կապված, և հիմա ժողովուրդն անլուրջ է վերաբերվում նախարարաության հայտարարություններին, Նարեկ Զեյնալյանը նշեց․ «Այն դիմակները, որոնք մենք կրում ենք, նախապես ասվել է, որ 100 տոկոսով չի ապահովագրում վարակվելուց, սակայն դա չի նշանակում, որ դիմակ չպետք է կրել։ Եթե կա մի միջոցառում, որ գեթ մեկ տոկոսով կարող է կանխել վարակի տարածումը, պետք է կիրառել»:

Անդրադառնալով հարցին, թե որոշ երկրներ սահմանները բացում են, իսկ Հայաստանը դեռ կարմիր գոտում է գտնվում, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ մահվան դեպքերով Հայաստանն առաջին հորիզոնականում չէ: Ըստ նրա՝ մահաբերության ցուցանիշը բավակականին ցածր է` համեմատած համաշխարհային միջին գործակցի հետ:

«Որոշ եվրոպական երկրներում մահաբերության ցուցանիշը մինչև 13-15 տոկոս է եղել, մեզ մոտ 1.5 տոկոսի շրջանակում է, բայց սա չի նշանակում, որ պետք է զգոնությունը և միջոցառումները թուլացնել, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է պայքարել: Մեզ մոտ թվերի աճ նկատվում է, բայց պիկին դեռ չենք հասել: Տարբեր պետություններ տարբեր վարքագիծ են դրսևորում` սահմաններ բացելու և չբացելու հետ կապված»,-ասաց Նարեկ Զեյնալյանը:

Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ Արսեն Թորոսյանը դժգոհություն է հայտնել պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության հետ կապված, ի՞նչ հարաբերությունների մեջ են նախարարի հետ, արդյո՞ք խորհուրդները հաշվի առնվում են, թե ոչ, Նարեկ Զեյնալյանը նշեց.

«Դրանք ընդամենը հրապարակումներ են և որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, իսկ պարետատան աշխատանքներին որքան շատ լինի ոլորտի մասնագետների մասնակցությունը, այդքան արդյունավետ կլինի աշխատանքը: Դրանով էլ պայմանավորված՝ հրավիրել են ինձ, և ես մասնակցում եմ նիստերին»:

Դիտարկմանը, թե ախտանիշներ չունեցող քաղաքացիներին նախարարությունը հորդորում է տանը մեկուսանալ, Նարեկ Զեյնալյանը ընդգծեց, որ եթե վարակվածը որևէ գանգատ չունի, և միայն թեստն է դրական ցույց տվել, նրանք կարող են միայն վերահսկվել տեղի պոլիկլինիկայի բժշկի կողմից։

«Քանի դեռ վարակվածը գանգատ չունի, նա գտնվում է տեղամասային թերապևտի հսկողության տակ, գանգատի դեպքում թերապևտի որոշմամբ կատարվում է հոսպիատալացում: Լինում են դեպքեր, երբ մարդու մոտ դրական է թեստը, բայց երկու-երեք շաբաթ գանգատ չի լինում և հաջորդ թեստի պատասխանը լինում է բացասական: Սա հաշվի առնելով՝ որոշում է կայացվել այդ քաղաքացիներին տնային պայմաններում հսկողության տակ պահել:

Հարցին` արդյո՞ք այս պարագայում տան անդամները չեն վարակվի, նա պատասխանեց.

«Վիրուսի վարակելիության աստիճանը պարզ չէ: Կարող է երկու անձ իրար հետ շփվել, չվարակվել, և մեկ այլ անձ կարող է հիվանդի կողքով անցնելիս վարակվել:

Հարցին, թե վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում թե կորոնավիրուսով հիվանդները, թե այլ հիվանդություն ունեցողները, արդյոք սա վտանգավոր չէ՞, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուր քաղաքացի, որ մտնում է բժշկական հաստատություն, պետք է դիտարկել որպես կորոնավիրուսով պոտենցիալ հիվանդ: Պետք է թեստավորում իրականացնել, քանի որ կարող է այլ գանգատով դիմել, և պարզվի, որ վարակված է և վիրուսի տարածման աղբյուր դառնա: Վերակենդանացման բաժանմունքը բավականաչափ ծանրաբետնված է, բայց առողջապահական համակարգն ունի մասնագիտական ներուժ հավելյալ միջոցներ ներգրավվելու համար»: