Եթե սա ուժի ցուցադրության, իրավիճակը վերահսկելու իմիտացիա ստեղծելու փորձ էր, ապա շատ անհաջող էր․ Դավիթ Մաթևոսյանը՝ առանց դիմակի անձին բերման ենթարկելու մասին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից առանց դիմակի անձի նկատմամբ ուժ գործադրելու դեպքին։
Նա մասնավորապես գրել է․ «Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի: Բայց դա երկու պայմանի պետք է համատասխանի.
1․ Պետք է լինի օրենքով սահմանված
2․ Պետք է լինի համաչափ առկա իրավիճակին
1․ Դիմակ չկրելու համար նախատեսված է վարչական տուգանք՝ 10.000 դրամ: Ոչ ավելին: Սա է օրենքը: Դիմակ չկրելու համար 4-5 ոստիկանով քաղաքացու նկատմամբ ուժի գործադրումը չի բխում օրենքից:
Փաշինյանը նոր գրեց, որ «սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի»: Ուզում եմ հստակ նշել, որ «կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տալը» իրավական կատեգորիա չէ: Մարդ կա՛մ դիմակ կրում ա, կա՛մ չի կրում: Մնացածը հուզական մեկնաբանություն ա, որով պետության ղեկավարը իրավունք չունի առաջնորդվելու: Էլ չասեմ, որ դրա վրա հիմնվելով մարդու նկատմամբ ուժի կիրառումը հնարավոր չէ արդարացնել:
Բացի դա, էս միջոցառումը վտանգավոր է նաև համաճարակաբանական առումով, քանի որ վերոնշյալ ոստիկանները երաշխավորված չեն վակվելուց կամ վարակը տարածելուց: Ավելին, անհարկի սերտ շփումների մեջ մտան միայնակ քայլող քաղաքացու հետ:
2․ Ինչ վերաբերում է համաչափությանը, ապա Էս տեսանյութում ուժ գործադրելը վերածվել է բռնության: Քաղաքացին առերևույթ տանջանքների է ենթարկվում, ինչը ոչ մի կերպ արդարացված չէ, իրավիճակի պահանջից չի բխում: Եթե Ոստիկանությունը մարդուն պատշաճ ձևով բերման ենթարկելու կարողություն չունի, ավելի լավ է հեռու մնան նման միջոցառումներին: Սա ավելորդ տեղը սրում է առանց այդ էլ լարված մթնոլորտը:
Եթե սա ուժի ցուցադրության, իրավիճակը վերահսկելու իմիտացիա ստեղծելու փորձ էր, ապա շատ ուշացած և անհաջող էր»:
Հիշեցնենք, Ոստիկանությունն այսօր ուժով բերման էր ենթարկում առանց դիմակի անձին։










