Իշխանությունը հոգեբան և հոգեբույժ խորհրդատուների կարիք ունի. վարչապետն իրավունք չունի առանց անձանց համաձայնության հրապարակել նրանց նկարները. Սամվել Խուդոյան (տեսանյութ)
Վերջին մեկ շաբաթում հանրային տագնապն էապես մեծացել է, դա պայմանավորված է հիվանդացության մեծ թվերով. մարդիկ աստիճանաբար տեսնում ու լսում են, որ իրենց բարեկամները հիվանդանում ու մահանում են, հասկանում են, որ կապ չունի՝ երիտասա՞րդ ես, թե՝ մեծահասակ, և արդեն մարդ չկա, որն իր շրջապատում վարակակիր չունենա: «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:
«Մեր իշխանություններին թվում է, որ եթե ժողովրդին ասեն՝ խելոք մնացեք, այդպես էլ կլինի: Կա կառավարման համակարգ, մոնիթորինգ: Կարելի է անգամ բանակ հանել փողոցներ: Պրոպագանդայի ձևերը սխալ են: Եթե երկրի ղեկավարն անլուրջ հայտարարություններ է անում կորոնավիրուսի մասին, դա նստվածք է թողնում մարդկանց մեջ»,- ասել է հոգեբանը:
Ըստ Խուդոյանի՝ հիմա արդեն շատ ուշ է, պետք է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, այդ թվում՝ աշխարհից ու համայն հայությունից օգնություն խնդրել. «Կառավարման սխալներն այս համավարակի տարածման հիմնական պատճառն են: Չի կարելի հույս դնել քաղաքացիների անհատական պատասխանատվության վրա: Անձանց լուսանկարներ տարածելը ճիշտ մեթոդ չէ, դրա օգուտը ո՞րն է: Կարելի էր ներքին կարգով այդ հարցերը կարգավորել: Վարչապետն իրավունք չունի առանց անձանց համաձայնության տարածել նրանց լուսանկարները»:
Հոգեբանի կարծիքով՝ իշխանությունը հոգեբան և հոգեբույժ խորհրդատուների կարիք ունի, չի կարելի հույսը դնել մեր հանրության մեծամասնության վրա, քանի որ նրանք բավարար քաղաքացիական գիտակցություն չունեն. «Հանրությունն այսօր դեպրեսիվ է, հուսահատական, տագնապային: Այդ տագնապը կարող է ագրեսիայի վերածվել: Դրա արդյունքներն արդեն երևում են մարդկանց առողջության վրա: Հիվանդացության թվերը մեր մեջ ենթագիտակցական վախ են առաջացնում: Մարդկանց ընտանեկան կյանքում էլ կոնֆլիկտները հաճախացել են»:
Սամվել Խուդոյանի պնդմամբ՝ մարդիկ անորոշությունից մտածում են՝ եթե իրենք վարակվեն, պետությունը կարող է չբուժել նրանց՝ այսքան մեծ թվով վարակակիրների պատճառով. «Հոգեբանական կայունությամբ տնտեսական հարց չես լուծի: Մեզ ռազմավարություն է պետք, քանի որ այս վիճակը երկար է տևելու և խորանալու է: Երեխաների զարգացումը լրիվ այլ կերպ կընթանա, նրանք դառնում են ինքնամփոփ: Մարդիկ հետ են սովորել շփմանը: Պատերազմում հաղթելը հոգեբանական գործոնով է պայմանավորված, այդպես է նաև այս դեպքում: Բայց եթե ընկճվենք, մեր կորուստները գնալով կմեծանան»:
Հոգեբանի պնդմամբ՝ եթե իշխանությունն ընդունում է, որ Ապրիլյան պատերազմում սպառազինության ու թիկունքային մատակարարման խնդիր չենք ունեցել, պետք է ներողություն խնդրի գեներալիտետից՝ նրանց զրպարտելու համար:
Դավիթ Սարգսյան










