Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ. Արման Սարգսյան
ՀՀ ոստիկանությունն այս օրերին ապրում է նոր իրավիճակում՝ արտակարգ իրավիճակի կանոնների պահպանման ուղղությամբ իրականացնելով աննախադեպ աշխատանքներ, սրա հետ մեկտեղ, չանտեսելով մեր բուն կարևորագույն գործառույթների անշեղորեն իրականացնումը, այսինքն՝ հանցավորության դեմ տարվող պայքարը։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանության՝ հաշվետու տարվա բյուջեի ճշտված ցուցանիշը կազմել է 68․7 մլրդ դրամ, որից ծախսվել է 64,5 մլրդ դրամը՝ ապահովելով կատարողականի 94 տոկոսը։ Նա ասաց, որ ողջ ծախսերի կառուցվածքում ընդհանուր ծախսերի մասնաբաժինը կազմել է 63,2 մլրդ դրամ, այսինքն՝ ամբողջի 97․85 տոկոսը։
«Նշեմ, որ ընթացիկ ծախսերի 75,2 տոկոսը 47,4մլրդ դրամը աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցրած միջոցներ են։ Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ, քանի որ արդեն պետության կողմից տրամադրվող միջոցների հաշվին կարողացել ենք պարգևավճարների տեսքով վարձատրել։ Մեծ հաշվով, եթե դրույքաչափի մեջ փոփոխություն տեղի չունեցել, բայց ոստիկանները փաստացի զգացել են ավելի գումար ստանալու հնարավորությունը։ Որոշակի առումով սա կարող ենք դիտարկել ոստիկանի կյանքում սոցիալական փոփոխություն։ Ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին աշխատավարձը, ներառյալ պարգևավճարները՝ կազմել է 275, 7 հազար դրամ, այդ ցուցանիշը 2017-2018 թթ. համեմատ գերազանցել է 51,9 հազար դրամի կամ առնվազն 23 տոկոսի չափով»,- ասաց ՀՀ ոստիկանապետը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը հաշվետու տարում որոշակի ծրագրային միջոցառումներ չի իրականացրել, հաշվի առնելով դրանց ժամանակավրեպ լինելու կամ ակտուալությունը կորցրած լինելու հանգամանքը։










