Հունիսի 4-ի դրությամբ, 2019 թվականի համեմատ, ՃՏՊ-ների թիվը 280-ով պակաս է, պատահարների հետևանքով զոհերի թիվը 22-ով, իսկ վիրավորներինը՝ 357-ով նվազել է․ ՀՀ ոստիկանապետ

16:22 • 05.06.20

Ճանապարհատրանսպորտային ոլորտի որոշ իրավախախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառման արդյունքում 2020թ. 5 ամիսների ընթացքում տուգանային միավոր նախատեսող վարչական իրավախախտումների գործերով կայացվել է 129 հազար 195 որոշում, 778 անձի նկատմամբ կիրառվել է 9 և ավելի տուգանային միավոր, 71 անձի նկատմամբ կայացվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում, որոնցից 40-ի նկատմամբ որոշումներն արդեն սահմանված կարգով մտել են ուժի մեջ։

Այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում։

Ոստիկանապետի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ տուգանային միավորների համակարգը գործում է դեռևս միայն տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված իրավախախտումների դեպքում, սակայն արդեն տեսանելի են որոշ դրական արդյունքներ։

«2019թ. համեմատ, հունիսի 4-ի դրությամբ արձանագրվել է 280-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար, ունենք զոհերի նվազում 22-ով և վիրավորների նվազում 357-ով»,- ասաց ոստիկանապետը։

Ըստ Արման Սարգսյանի՝ զոհերի թվի նվազումը պայմանավորված է բալային համակարգի ներդրմամբ։ Նրա խոսքով, պատահարների ու զոհերի թիվը հիմնականում նվազել է Երևանում։ Նա ընդգծեց, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն էլ այստեղ դեր ունեն, սակայն նախքան այդ սահմանափակումներն էր արձանագրվել դրական դինամիկան։

«Մի կարևոր փաստ՝ այս ցուցանիշը արձանագրվել է 2018թ. համեմատ մոտ 217 հազար ավելի տրանսպորտային միջոցի, իսկ 2019թ. համեմատ մոտ 137 հազար ավելի տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում»,- ասաց ոստիկանապետը։

Քաղաքականություն