«Շնորհակալություն, Իրա՛ն. սա ցույց տվեց, որ Թեհրանի հետ գործարք կնքելը հնարավոր է». Թրամփն անդրադարձել է Իրանում ամերիկացու ազատ արձակմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ Իրանում ամերիկացի վետերան Մայքլ Ուայթի բանտից ազատումը ցույց է տվել, որ Թեհրանի հետ հնարավոր է գործարք անել:
«Ես հենց նոր հեռախոսով խոսեցի Մայքլ Ուայթի հետ, որն Իրանում ազատվելուց հետո այժմ գտնվում է Ցյուրիխում: Շուտով նա ամերիկյան ինքնաթիռով տուն` ԱՄՆ կվերադառնա: Իմ՝ նախագահ դառնալուց ի վեր մենք վերադարձրել ենք ավելի քան 40 ամերիկացի գերիների ու ձերբակալվածների: Շնորհակալություն, Իրա՛ն, սա ցույց է տալիս, որ գործարքը հնարավոր է»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Ուայթն Իրանում ձերբակալվել էր 2018 թվականի ամռանը: Ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ նա այդ երկիր էր գնացել ընկերուհուն այցի: Ամերիկացուն մեղադրել էին Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների համար: Նրան դատապարտել էին 13 տարվա ազատազրկման: Մարտին տեղեկացվել էր, որ Ուայթը ժամանակավորապես ազատվել է կալանքից բժշկական ստուգման համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթը, որը ձերբակալվել էր Իրանում, ազատ է արձակվել և մեկնել Շվեյցարիա, որտեղից էլ կուղևորվի ԱՄՆ:










