Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո Մինեապոլիսում մտադիր են վերացնել ոստիկանությունն ու «նոր մոդելով» աշխատել

13:46 • 05.06.20

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված օրեր շարունակ տեղի ունեցող բողոքի ցույցերից հետո իշխանությունները որոշել են լուծարել ոստիկանության բաժանմունքը, հայտնում է Star Tribune տեղական հրատարակությունը՝ հղում տալով քաղաքային խորհրդի անդամ Ջերեմայ Էլիսոնի հայտարարությանը։

«Պատրաստվում ենք լուծարել ոստիկանության բաժանումքը»,- նշել է Էլիսոնը։

Մինեապոլիսի քաղաքային խորհրդի ղեկավար Լիսա Բենդերը հաստատել է նման ծրագրերի իսկությունը՝ նշելով, որ համապատասխան իրավապահ մարմինը «հանրային անվտանգության նոր մոդելով» կաշխատի։ Խոսքը մի բաժանմունքի ստեղծման մասին է, որի շրջանակում ոստիկանական գործողությունների մի մասը հասարակական աշխատողները կամ բժիշկներն են իրականացնելու։

Բարեփոխումների առաջին փաթեթեի քվերարկությունը նախատեսվում է հունիսի 5-ի իրականացնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցերը կապված են սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած՝ բողոքողներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Քաղաքականություն