Ոստիկանությունը ուժային կառույց է և կարող է ու պետք է ուժ կիրառի. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դիմակ չկրող քաղաքացուն ուժով բերման ենթարկելուն (տեսանյութ)

13:10 • 05.06.20

Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները ուժ կիրառում Երևանի այգիներից մեկում մի քաղաքացու նկատմամբ, ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում՝ դիմակ չկրելու համար:

Քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառմանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»,-գրել է նա:

Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ քաղաքացին Ոստիկանություն է բերվել ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:

Քաղաքացուն բերման ենթարկելու կադրերը ներկայացնում ենք ստորև.