Թուրքիայում 3 ընդդիմադիր պատգամավոր զրկվել է մանդատից և ձերբակալվել

09:48 • 05.06.20

Թուրքիայի գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի խորհրդարանի 3 ընդդիմադիր պատգամավոր զրկվել է մանդատից և ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Ձերբակալված պատգամավորներն են Էնիս Բերբերօղլուն՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից, Լեյլա Գյուվենն ու Մուսա Ֆարիսօղլուն՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից:

Ֆարիսօղլուն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ իրեն ձերբակալել են Դիարբեքիր-Ուրֆա ավտոճանապարհին:

«Երբ ես Դիարբեքիրից մեկնում էի Անկարա, նպատակ ունենալով գնալ մեր շտաբ բնակարան, ինձ ուղղակի ձերբակալեցին»,-ասել է Ֆարիսօղլուն:

Ավելի ուշ կալանավորվել է նաև Լեյլա Գյունենը, որի` Դիարբեքիրում գտնվող տունը ոստիկանության կողմից շրջափակվել էր:

Բուժզննումից հետո Գյուվենին տեղափոխել են Դիարբեքիրի կանանց փակ բանտ, իսկ Ֆարիսօղլուին` Դիարբեքիրի D կարգի փակ բանտ:

Քրդամետ կուսակցության պատգամավորներից հետո ձերբակալվել է Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն: Մի քանի ընթացակարգերից հետո նրան տեղափոխել են Ստամբուլի Մալթեփեի շրջանի L տիպի բանտ:

Քրդակամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությունն աղբյուրը կապում է քաղաքական հետապնդումների հետ, նրանց մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապված լինելու համար:

Բերբերօղլուին ձերբակալել են «Հանրապետություն» թերթում իր տպագրած հոդվածներից մեկի համար: