Զինված ուժերի մի մասը դեռևս Վաշինգտոնի շրջանում է. Պենտագոնի ներկայացուցիչ

03:08 • 05.06.20

ԱՄՆ զինված ուժերի մի մասը դեռևս Վաշինգտոնի շրջանում է և կվերադառնա ռազմաբազա, երբ իրավիճակը դա թույլ տա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Պենտագոնի ներկայացուցչին:

«Նախարարությունը որոշում է ընդունել մայրաքաղաքի շրջանից դուրս բերել զինված ուժերի որոշ ստորաբաժանումների և վերադարձնել ռազմաբազա: Ռազմական հրամանատարությունը մշտապես հետևում է դինամիկ իրավիճակին: Մյուս զինծառայողների վերադարձը տեղի կունենա՝ ելնելով դրությունից»,- հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԶԼՄ հաղորդագրություններն այն մասին, որ Հյուսիսային Կառոլինա են վերադարձել 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողները:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: