Վանի նահանգում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը ավերվում է գանձագողերի կողմից (լուսանկարներ)

11:57 • 07.06.20

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող  Վանի նահանգի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը գանձագողերի թիրախ է դարձել: Առանց այն էլ բնական աղետներից բազմիցս տուժած մենաստանը այժմ էլ ավերվում է գանձագողերի կողմից: Այս մասին գրում է trthaber.com կայքը:

 Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփը նշել է, որ մենաստանը մեծ բնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժի հետևանքով:

«Իր ամբողջ պատմության ընթացքում այն կոչվել է «Սուրբ կույսեր» մենաստան: Այս մենաստանը շրջանի քրիստոնեական ճարտարապետության օրինակներից  մեկն է: Սա վայր է, որտեղ քրիստոնյաները շարունակում են իրենց կրոնական կրթությունն ու ուսուցանում են աշակերտներին: Իհարկե, կանայք ու տղամարդիկ առանձին են կրթություն ստացել այստեղ: Հայտնի է, որ մինչև 20-րդ դարի սկիզբը այստեղ 200-300 միանձնուհիներ են եղել»,-ասել է թուրք դասախոսը:

Հայոց  ցեղասպանությունից հետո ճակատագրի քմահաճույքին հանձնված այս մենաստանը գրավել է գանձագողերի ուշադրությունը: Եկեղեցուց այսօր մնացել է միայն կիսավեր գմբեթն ու պատերը: