Չինաստանը խոստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհին

14:39 • 07.06.20

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը կլինիկական բոլոր փորձարկումները անցնելուց հետո հասանելի կլինի ամբողջ աշխարհին: Այս մասին տեղեկացնում է politics.people.com.cn կայքը` հղում տալով Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարար Վան Չժիգանին:

Նախարարը հայտարարել է, որ Պեկինը կկատարի իր բոլոր պարտավորությունները, որոնց մասին Առողջապահության համաշխարհային ասսամբլեայի 73-րդ նստաշրջանին ասել է ՃԺՀ ղեկավար Սի Ցզինպինը:

Վան Չժիգանի խոսքերով այժմ պատրաստման փուլում է գտնվում 5 տեսակ պատվաստանյութ, դրանցից  որոշները արդեն փորձարվում են: Աշխատանքներում առաջնահերթությունը տրվում է անվտանգությանը, արդյունավետությանն ու դեղամիջոցների հասանելոիթւոյանը:

«Ինչպես ցույց  է տալիս համաճարակների դեմ մարդկության պայքարի պատմությունը, դրանց դիմակայելու հիմնաքարային մարտավարությունը հենց պատվաստանյութերի ստեղծումն է: Հաջորդ փուլերում նույնպես աշխարհին հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը այս հարցում»,-ասել է նախարարը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 997  348 է, մահացել է 402 495 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: