Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ ուրախությունից պարել է՝ լսելով, որ Նոր Զելանդիան հաղթահարել է կորոնավիրուսը (տեսանյութ)

12:31 • 08.06.20

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ ուրախությունից պարել է՝ իմանալով, որ Նոր Զելանդիայում այլևս COVID-19-ի ակտիվ դեպքեր չկան, գրում է The Guardian-ը։

Հարցին, թե ինչպիսին է եղել նրա արձագանքը, երբ իմացել է, որ Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը, նա ժպիտով պատասխանել է․ «Մի քիչ պարեցի»։

«Հայտնեցի Նիվին (Արդերնի դուստրը- Tert.am), նա մի քիչ անակնկալի եկավ, բայց միացավ ինձ՝ առանց հասկանալու, թե ինչու եմ պարում»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Արդերնը հայտարարել է, որ երկիրն «աննախադեպ կերպով միավորվել է վիրուսը ջախջախելու հարցում»:

Նրա խոսքով՝ նորզելանդացիների զոհողությունները, ներառյալ՝ 7-շաբաթյա արգելափակմանը հետևելը, օգնել են նվազեցնել վարակի տարածման մակարդակը։

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը․ երկրում ավելի քան երկու շաբաթ COVID-19-ի նոր դեպքեր չեն արձանագրվել։

Գերատեսչության տվյալներով՝ անցած հանգստյան օրերին ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը, որը Օքլենդում գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Ինչպես նշել է Նոր Զելանդիայի գլխավոր սանիտարական բժիշկը, փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ երկրի տարածքում հաստատված ախտորոշմամբ մարդիկ չկան։