Հնդկաստանում «մարդակեր» վագրին ցմահ բանտարկության են դատապարտել
Երեք մարդու կյանք խլած վագրն իր կյանքի մնացած մասը կանցկացնի անազատության մեջ: Այս մասին կիրակի հայտարարել են հնդիկ պաշտոնյաները՝ ընդգծելով, որ վագրը «չափազանց վտանգավոր է ազատության մեջ թափառելու համար», գրում է Bangkok Post-ը։
Հնգամյա գիշատիչ կենդանին, որին նաև «մեղադրում են խոշոր եղջերավոր անասունների վրա հարձակման համար», 2018 թվականին Մահարաշտրա արևմտյան նահանգից Հնդկաստանի կենտրոնական Բետուլ շրջան է ուղևորվել։
«Մենք նրան մի քանի շանս ենք տվել կրկին բնության գիրկ վերադառնալու համար, բայց նա շարունակել է ներխուժել մարդկային կացարաններ։ Մնում էր միայն նրան անազատության մեջ պահելու տարբերակը՝ և՛ վագրին, և՛ մարդկանց պաշտպանելու համար»,- AFP գործակալությանն ասել է Մադհյա-Պրադեշ նահանգի վայրի բնության գլխավոր տեսուչը՝ հավելելով, որ կենդանին վերջին երկու տարիներին արդեն երեք մարդու կյանք է խլել։
Պաշտոնյաները հայտարարել են, որ վագրին բռնելու որոշումը կայացվել է մի քանի ամիս առաջ, սակայն կորոնավիրուսի արգելափակումների պատճառով հետաձգվել է:
Վերջին տասնամյակում 1,3 միլիարդ բնակչություն ունեցող երկրում հաճախակիացել են վագրերի՝ մարդկային բնակավայրեր ներխուժման դեպքերը, ինչը շատ հաճախ կենդանիների հետ մահացու բախումների պատճառ է դառնում։
Կառավարության տվյալներով՝ 2014-2019 թվականների ընթացքում վագրերի հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 225 մարդ:










