Իվանկա Թրամփին հոր հայտարարությունների պատճառով թույլ չեն տվել ելույթ ունենալ համալսարաններում

11:21 • 08.06.20

ԱՄՆ-ի Վիչիտայի պետական համալսարանը և դրա մասնաճյուղը՝ Կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը, երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո արած հայտարարություններից հետո չեղյալ են հայտարարել նրա ավագ դուստր Իվանկա Թրամփի՝ շրջանավարտների համար նախատեսված ելույթները, գրում է The Guardian-ը։

«Մեր երկրի համալսարանները պետք է դառնան խոսքի ազատության հենարան։ Անտեսելու մշակույթը և տեսակետների խտրականությունը հակասում են գիտական հանրակցությանը»,- Twitter-ում գրել է Իվանկա Թրամփը՝ հայտնելով իր ելույթների չեղարկման մասին։

Նա նաև հրապարակել է տեսանյութ, որում չի հիշատակել ԱՄՆ-ում բողոքի ակցիաները, սակայն ընդունել է կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված տնտեսության դժվարությունները։

Իվանկա Թրամփի ելույթի մասին հայտարարությունն անմիջապես քննադատել են հաստատությունների դասախոսները, որոնք նամակ են ուղարկել համալսարանների տնօրինությանը՝ խնդրելով չեղարկել այդ ելույթը: Նամակը տարածել են սոցիալական ցանցերում, դրա տակ ստորագրել է 488 դասախոս և ուսանող:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ակցիաները: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Հաղորդագրության հրապարակումից հետո երկուսուկես ժամվա ընթացքում Twitter-ը դրա վրա նախազգուշացնող պիտակ էր ավելացրել, որում ասվում էր, որ գրառման մեջ «բռնություն է փառաբանվում»։