ՊԵԿ նոր նախագահ էդվարդ Հովհաննիսյանի հետ համակարգում աշխատում եմ 10 տարի. նա իր գործի մասնագետն է. Արթուր Մանուկյան
Ցանկացած աշխատանքային հարաբերություններում լինում են և՛ աշխատանքի ընդունումներ, և՛ ազատումներ: Դա պարոն Դավիթ Անանյանի որոշումն է եղել և ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ անդրադառնալով Դավիթ Անանյանի աշխատանքի հեռացման որոշմանը:
Հարցին, թե քննարկվում է, որ կան անձիք, ում ազատման դիմումն արդեն գրված է և շուտով նրանց հրաժարականի մասին կտեղեկանանք, և արդյո՞ք դուք այդ ցուցակում ինքը կա, Արթուր Մանուկյանը պատասխանեց․ «Ես դիմում դեռ չեմ գրել, խորհուրդ եք տալիս գրե՞լ: Բոլոր տեղակալները շարունակում են իրենց աշխատանքային պարտականություններն այնպես, ինչպես կատարել են նախկինում, եթե կադրային փոփոխություն լինի, կիմանաք»:
Դիտարկմանը, թե նիստում խոսվեց այն մասին, որ ձեզ կցված է 168 մեքենա և արտոնյալ կարգավիճակ ունեք, արդյո՞ք համաձայն եք այդ կարծիքին, Արթուր Մանուկյանը պատասխանեց.
«Համաձայն չեմ այն դիրքորոշմանը, որ արտոնյալ է, խոսքը վերաբերում է այն ավտոբուսներին, որոնք ՊԵԿ-ի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման համար են, իսկ քանակի առումով ունենք 3000-ից ավել աշխատակից և այդ նշած քանակը սարսափելի չէ»:
Դիտարկմանը, թե աշխատակիցներին պարտադի՞ր է ծառայողական մեքենա տրամադրել, նրանք բարձր աշխատավարձ են ստանում, կարող են երթուղային տաքսիներով գալ աշխատանքի, Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող ծախսերում ոչ մի արտոնյալ պայման գոյություն չունի և այդ հարցը կարելի է համարել փակված:
Հարցին՝ ՊԵԿ նոր նախագահի հետ կապված ի՞նչ տեսակետ ունի, քանի որ նշվում է, որ այդքան էլ պրոֆեսիոնալ չէ, և ՊԵԿ-ում նոր ձախողումներ են սպասվում, Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ էդվարդ Հովհաննիսյանի հետ համակարգում աշխատում է 10 տարի և մեկ տարի է, ինչ երկուսով ՊԵԿ նախագահի տեղակալներ են. «Իմ վերաբերմունքն այնպիսին է, որ նա իր իր գործի մասնագետն է և նման հետևության կարիք չկա»:
Անդրադառնալով հարցին, թե ՊԵԿ նոր նախագահն ինչո՞ւ նիստին ներկա չէր, նախագահի տեղակալը պատասխանեց՝ «Թողեք պետական կառավարման մարմինը որոշի՝ով պետք է մասնակցի, ի՞նչ խնդիր կա»:










