Նրանք, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսը հնարավորինս տարածվի և վատ ընթացք ստանա, նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են, ես շատ հանգիստ եմ վերաբերվում դրանց. քննադատություններին մենք ուշադիր հետևում ենք, դրանց համատեքստում քննում և վերաքննում ենք մեր գործողությունները: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգտագործելուն:
Հարցին՝ ինչու՞ կառավարությունը չի կոնսոլիդացնում երկրում եղած ներուժը, մասնավոր բուժհիմնարկներին նախապես չի առաջարկել միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին և միայն վերջին մի քանի օրում են այդ առաջարկը ստացել: վարչապետն արձագանքեց, թե դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Մասնավոր Էրեբունի ԲԿ-ն, Արմենիա ԲԿ-ն, Աստղիկ ԲԿ-ն շատ վաղուց են ներգրավված: Հարցը հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հայտարարությանը, թե մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը, որը կարող էր ընդունել վարակակիրների, դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով, վարչապետը նշեց, թե հրապարակումից երեք օր առաջ այդ թեման լուծված է եղել արդեն, և նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ կայացրել է որոշում:
«Առողջապահության նախարարությունը բոլոր բուժհաստատությունների հնարավորությունները գույքագրել է և ըստ անհրաժեշտության կայացրել է որոշում: Երեկվանից մենք տվել ենք բաց հայտարարություն, որին կարող են արձագանքել: Երբ կլինեն արձագանքներ, մենք ըստ այդմ կարող ենք գնահատել իրավիճակը»,-նշեց նա:
Վերջինիս խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված ՀՀ-ում շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել: «Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի. մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա: Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են: Այսինքն՝ նրանք ավարտված են, բայց այդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են: Նրանք, որոնք լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի կերպով կբացատրենք: Այս անգամ, համոզված եղեք, նրանք ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ: Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց արժանի տեղը, և համոզված եղեք, որ բոլորը շատ շուտով, ընս ընթացակարգերի կհայտնվեն իրենց արժանի տեղերում»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի և այդ գնահատականի հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի: «Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը: Նրանք այնտեղ են դե ֆակտո, եւ այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի ատ շուտով»,-ամփոփեց ՀՀ վարչապետը:










