Գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է․ ոստիկանության միջոցառումը (տեսանյութ)
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով իրականացնել տարաբնույթ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հերթական միջոցառումն իրականացվեց հունիսի լույս 8-ի գիշերը: Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր կատարեցին մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է:
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելեցին մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ:
Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվեց 16 գիշերային ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր Պարետի որոշման պահանջները. մյուս գիշերային ակումբները փակ էին:
Գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Տնտեսվարողներին կոչ ենք անում խստորեն պահպանել Պարետի որոշումների պահանջները. արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտում հանգեցնելու է իրավական հետևանքների:










