Սայաթ Շիրինյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն չի կազմվել. ոստիկանություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ Աջափնյակ վարչական շրջանում իրազեկման ակցիա էր անում՝ կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ, որի ընթացքում ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին հորդորում էր դիմակ կրել ավտոտնակում:
Այնուհետև Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ այս դեպքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել:
Tert.am-ը ոստիկանության լրատվության վարչությունից հարցրեց, թե ինչ հիմքով է արձանագրություն կազմվել, քանի որ ՀՀ պարետի 110-րդ որոշման 6-րդ կետի համաձայն՝ սահմանված է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում է դիմակ կրելը պարտադիր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին.«Ձեր նշած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն չի կազմվել»:
Նշենք, որ Սայաթ Շիրինյանը հայտնել էր, որ իր տան մեջ դիմակ չի կրի,իսկ ավտոտնակը հավասարեցված է բնակարանին, ինչպես նաև մեքենան:
Նշենք, որ Քրեական դատավարության 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն՝ բնակարան է համարվում շենքը կամ շինությունը, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, բնակելի շինության նկուղը,ձեղնահարկը: Բնակարան հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, աշխատասենյակը և այլն:










