Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների և լատեքս ձեռնոցների շուկայում կան հարուցված վարույթներ․ ՏՄՊՊՀ նախագահ

12:58 • 08.06.20

Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների և լատեքս ձեռնոցների շուկայում կան հարուցված վարույթներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտներն այժմ տեղեկատվություն են ներկայացնելու և մոտ ապագայում վարույթները կավարտվեն։

«Նկատել էինք որոշակի գնի բարձրացում և այդ բարձրացման հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստով հարուցել ենք վարույթ։ Դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում եղել է 220 դրամի կարգի։ Մենք նայում ենք ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ և մանրածախ վաճառք իրականացվում։ Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով։ Այսինքն, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտը, դիմակները Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Գևորգյանի խոսքով՝ ինքը զրուցել է Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ և նույն վիճակն այնտեղ է։ Նա ասաց, որ մեր երկրում իրենց ձեռնարկած քայլերի շնորհիվ դիմակների գինը բավական իջել է։

«Տեսաք նաև մետրոյի կայարաններում ավտոմատ ապարատների միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում։ Այսինքն՝ մեկ դիմակը 100 դրամ է, բայց անկախ ամեն ինչից , մենք ասել են, որ անպայման կնայենք, կհասկանանք, արդյոք մարժաների փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, և արդյոք դրանք արդարացված են, թե ոչ»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ պատասխանը մոտ ժամանակներս կլինի և, եթե պարզվի, որ տնտեսվարողներն այս իրավիճակում չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, ապա պատասխանատվության կենթարկվեն։ Նա տեղեկացրեց նաև, որ կան հարուցված վարույթներ մի շարք ապրանքների շուկաներում՝ դա ձեթն է, հավի բուդն է, նաև որոշակի գործընթաց են սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատվել էր ոչ այնքան համաչափ։