Դուք բավարար օպերատիվություն չե՞ք ցուցաբերել ձեր աշխատանքում. Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ որոշ չափով, այո
Համաձայն բյուջեի կատարողականի՝ ներդրումների և արտահանման խթանման ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում կատարվել է շուրջ 882,8 միլիոն դրամ ծախսեր, կազմելով ծրագրված ցուցանիշի 18,9 տոկոսը, թերակատարումը մոտավորապես 81 տոկոս է: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստին ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նկատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:
«Ես կարծում եմ որ դուք գիտեք, թե դա ինչ ծրագիր է, որը ձախողել եք և ուզում եմ իմանալ, թե ինչու եք ձախողել՝ հաշվի առնելով, որ ներդրումները առհասարակ կառավարության գերակա օրակարգերից մեկն է»,-ասաց նա:
«Չեմ ձախողել ոչինչ»,-արձագանքեց նախարարը և պարզաբանեց, որ համապատասխանաբար ոչ թե ձախողվել են, այլ չեն հասցրել իրականացրել 2019 թվականի դեկտեմբերին՝ կազմակերպական նկատառումներով, իսկ 2020 թվականին ավարտին կհասցնեն: Նա նշեց, որ 2018 թվականին պետական բյուջեում նախատեսած էր օգտագործել համաշխարհային բանկի մեկ վարկային ծրագիր, որը երկու խոշոր բաղադրիչ ունի և ներկայացրեց դրանք:
«Ես ճի՞շտ հասկացա, որ ծրագիրը չեք ձախողել, բայց կատարման, կազմակերպման մեջ թերացել եք, և սա հանգեցրել է նրան, որ 2019 թվականին նախանշած ծրագիրը թողնում ենք 2020 թվականին և դա ևս մեկ տարով հետաձգում է ներդրումային դաշտի բարելավումը և ամեն տարի ծրագիրը մեկ-մեկ տարի հետաձգելով, մենք արդյունք չենք ունենա: Այսինքն, դուք բավարար օպերատիվություն չեք ցուցաբերել ձեր աշխատանքում»,-արձագանքեց Անի Սամսոնյանը և նախարարը պատասխանեց՝ որոշ չափով այո:
Անի Սամսոնյանի հաջորդ հարցը վերաբերում էր օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքին: Նա հետաքրքրվրեց, թե արդյոք անհրաժեշտ չե՞ն համարում այն փոխել, հաշվի առնելով, որ ընդունվել է 1994 թվականին: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 40-ից ավելի երկկողմանի համաձայանգրեր կան, որոնք վերաբերում են ներդրումային պաշտպանությանը և սովորաբար հենց դրանց են ներդրողները ուշադրություն դարձնում: «Ներդրումային պաշտպանության շատ լավ ցանց ունենք և միջազգային կառույցներում մեր իրավակարգավորումները համարվում են ազատական և մեծ չափով կարգավորված»,-ասաց նա և ամեն դեպքում նշեց, որ առաջիկա ամիսների ընթացքում օրենսդրության փոփոխության անհրաժեշտության մասին ուսումնասիրությունը կներկայացնեն:










