Երեխաների մշտապես տանը գտնվելը՝ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել և երեխան հետագայում չցանկանա շփվել իր հասակակիցների հետ. հոգեբան

19:48 • 08.06.20

Դժվար է երեխաներին ամբողջ օրը պահել տանը: Երեխաներն ի տարբերություն մեծերի՝ ավելի շատ են ցանկանում շարժման մեջ լինել: Tert.am-ի հետ զրույցում նշում է հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ համավարակի պատճառով վերջին ամիսներին շատ երեխաներ ստիպված մնացին տանը՝ չհաճախելով մանկապարտեզներ և դպրոցներ:

Ըստ նրա՝ երեխաների երկար ժամանակ տանը մնալը կարող է մի շարք առողջական խնդիրներ առաջացնել. «Երկար ժամանակ անշարժ լինելը երեխաների մոտ կարող է առաջացնել ֆիզիկական մկանների թուլացում, քանի որ ծնողը գնում է աշխատանքի և չի կարող հետևել, որ երեխան մշտապես ֆիզիկական վարժություններ անի: Սա լուրջ խնդիր է, այս ուղղությամբ պետք է մտածել և քայլեր ձեռնարկել»:

Հոգեբանի կարծիքով՝ երեխաների մշտապես տանը գտնվելը՝ կարող է նաև հոգեբանական խնդիրներ առաջացնել և երեխան հետագայում չցանկանա շփվել իր հասակակիցների հետ:

«Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելը, բայց եթե հեռավար ուսուցումը երկար ժամանակ տևի կարող է այն վատ անդրադառնալ երեխաների առողջության և վարքագծի վրա: Մարդը սոցիալական անձ է, նա մեկի հետ պետք է շփվի, նույնիսկ այն երեխաներն, որոնք մանկապարտեզ չեն գնում իրենք համեմատած մյուս երեխաների դժվար են ինտեգրվում դպրոցում»:

Անդրադառնալով հեռավար կրթությանը՝ հոգեբանը նշեց, որ հաճախ ծնողները դժգոհում են, որ հեռավար կրթությունից հետո երեխան սկսել է կարգ ու կանոնին չհետևել:

«Առավոտյան վաղ արթնանալ, լվացվել, հագնվել, պատրաստվել դասերին, սա երեխայի մոտ կարգուկանոն է ձևավորում, ինչը հեռավար կրթության պարագայում երեխայի մոտ չեն զարգանում:  Բացի դա հեռավար դասապատրաստումը կարող է երեխայի մոտ համակարգչից կախվածություն առաջացնել: Ինչպես նաև եթե երեխան երկար ժամանակ անցկացնում է համակարգչի առաջ, դա վտանգավոր է, նա կարող է ձեռք բերել տեսողության և ողնաշարի խնդիր»:

Իրինա Ծատուրյանը ընդգծում է, որ սոցիալական անապահով ընտանքիները, դժվարանում են ամբողջովին ինտեգրվել հեռավար ուսուցմանը:

«Կան ընտանիքներ, որոնք 4 դպրոցական երեխա ունեն և չեն կարողանում 4 երեխային էլ համակարգչով ապահովվել, իսկ հեռախոսով երեխայի համար դժվար է դասընթացին մասնակցելը: Ես չեմ պատկերացնում առաջին դասարանի երեխան ոնց պետք է տառերը սովորի հեռավար կրթությամբ»:

Իսկ ինչ վերաբերում է դիմակներ կրելուն, ապա հոգեբանի կարծիքով, երեխային պետք է բացատրել, որ դիմակ կրելը իր անվտանգության համար է: Իսկ մեծերը, պետք է գիտակցաբար մոտենան խնդրին՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհը նույն խնդրի առջև է կանգնած: Իսկ բոլոր նրանք, ովքեր դիմակ կրելուց շնչահեղձ են լինում, հոգեբանը խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին և թանզիֆից դիմակ կարել այն չի քրտնացնում և ալերգիա չի առաջացնում։