Եթե լոք-դաունը՝ խիստ կարանտինը վաղվանից չհայտարարվի, ապա կորոնավիրուսով վարակվածների թիվը էլ ավելի կմեծանա այդ 14 օրերից հետո՝ անկանխատեսելի հետեւանքներով. Հովսեփ Խուրշուդյան

15:05 • 08.06.20

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ-ում համավարակով պայմանավորված իրավիճակին և հնարավոր զարգացումներին։ Նա մասնավորապես գրել է․

«Եթե վաղվանից օրական վարակվողների թիվը անգամ կայունանա եւ մնա 500-ի շրջակայքում, իսկ ապաքինվողների թիվը շարունակի չանցնել 50-ը, ապա ակնհայտ է, որ անգամ եթե վաղվանից իշխանությունները խիստ կարանտին սահմանեն, ապա առաջիկա 14 օրերին, առողջապահական համակարգի հզորությունների չբավարարելու հետեւանքով ունենալու ենք մահերի թվի կտրուկ ավելացում, այնպիսի մեծ թվով, որ չեմ ուզում անգամ պատկերացնել, էլ ուր մնաց՝ հնչեցնեմ: Իսկ եթե լոք-դաունը՝ խիստ կարանտինը վաղվանից չհայտարարվի, ապա այդ բարձր թիվը էլ ավելի կմեծանա այդ 14 օրերից հետո՝ անկանխատեսելի հետեւանքներով:

Ուրեմն ինչի՞ն են սպասում իշխանությունները, որ չեն գնում լոքի՝ խիստ սահմանափակումների։ Նորից եմ կրկնում, առնվազն այն բոլոր հաստատությունները, որոնցում անխուսափելի են մեծ կուտակումները, այդ թվում շատ ձեռնարկություններ, ռեստորանները, եւ այլն, պետք է գոնե եւս կես ամսով փակվեն, որ կարողանանք վարակվողների թվի սրընթաց աճող կորը ուղղենք՝ հնարավորություն տալով առողջապահական համակարգին բուժել հնարավորինս շատ թվով մարդկանց: Մի՞թե այս ընթացքում պարզ չդարձավ, որ թողել ամեն բան քաղաքացիների բացառիկ գիտակցության վրա արդյունավետ չէ, որքան էլ որ պատասխանատու մոտեցում ցուցաբերող քաղաքացիների թիվը կտրուկ ավելացել է եւ անգամ եթե արդեն մեծամասնություն է կազմում»: