Մեր ոլորտը կաթվածահար վիճակում է. Կառավարությունը մեր գրավոր առաջարկներին մինչև հիմա պատասխան չի տվել. հանդիսավարը՝ ռեստորանների գործունեության արգելքի մասին (տեսանյութ)
Մեր խնդիրն այն է, որ այս իրավիճակում մեր ոլորտը կաթվածահար վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանդիսավար Եփրեմ Մարգարյանը՝ խոսելով արտակարգ դրության ընթացքում հանդիսավարների չաշխատելու և Կառավարության կողմից առաջարկվող ոչ հավասար պայմանների մասին:
Հանդիսավարը նշեց, որ շատերն են այս խնդրի առաջ, սակայն իրենց պահանջն է հասկանալ, թե ինչու կա խտրականություն. մի ոլորտը բաց է, աշխատում է, իսկ իրենց ոլորտը, հանդիսությունների սրահները փակ են: «Ուզում եմ հասականալ, թե Կառավարությունն ինչի է գնացել այդ քայլին, եթե փակվում ենք, ապա փակվում ենք բոլորս, եթե բացվում ենք, ապա պետք է աշխատենք բոլորս»:
Նա հիշեցրեց, որ Կառավարության ներկայացուցիչների հետ են հանդիպել, հետո գրավոր իրենց պահանջներն են ներկայացրել, լուծումներ առաջարկել և շեշտել, որ պատրաստ են զիջումների գնալ, սակայն մինչև հիմա իրենց առաջարկների պատասխանները չեն ստացել:
«Մենք չենք ուզում այս հարցը քաղաքականացնել, ուղղակի մենք խնդիր ունենք հանրայնացնելու, քանի որ ոլորտի չաշխատելը մեծ ծախսեր և խնդիրներ է առաջ բերում»,- ասաց Եփրեմ Մարգարյանը:
Հանդիսավար Արա Սահակյանը լրացրեց, որ Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան մեկ նպատակ ուներ․ իրենց հարցի լուծումը ստանալն էր, և տեղին չէին այն քննադատությունները, որ բողոքի ակցիան քաղաքական ենթատեքստ ուներ:
Մանրամասները՝ տեսանյութում։










