1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում կրկին աճել է ու շարունակում է առաջատար մնալ տարածաշրջանում

23:02 • 08.06.20

Հայաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը 1 մլն շնչի հաշվով հունիսի 8-ին աճել է 66-ով՝ կազմելով 4497: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակման դեպքերը՝ 1 մլն բնակչի հաշվով

1. Հայաստան - 4497

2. Ռուսաստան - 3266

3. Իրան - 2071

4. Թուրքիա - 2030

5. Ադրբեջան - 777

6. Վրաստան - 204

Թեև նախորդ օրերի համեմատ տվյալի աճն այնքան էլ մեծ չէ, մեր երկիրը շարունակում է այս ցուցանիշով առաջատարը լինել տարածաշրջանում: 

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (71) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (100) հետո: Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (56), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (41), Ադրբեջանը (9), Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է  13 325-ի: Մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 283-ի: 

Նշենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ հունիս 8-ին արձանագրված վարակման դեպքերի թիվը ցածր է, քանի որ հետազոտություն իրականացնող հիմնական լաբորիատորիան այսօր «կանգնած է եղել պրոֆիլակտիկայի»: