Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 300 նոր վարակակիր է հայտնաբերվել, գրանցվել է մահվան 4 նոր դեպք
Ադրբեջանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 314 նոր դեպք, հիվանդությունից ապաքինվել է 125 մարդ, հայտնում է minval.az կայքը՝ հղում տալով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ գրանցվել է մահվան չորս նոր դեպք։
Համավարակի սկզբից երկրում հաստատվել է վարակման 7553 դեպք, որից 88-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 4149 մարդ, 3316-ը բուժումը շարունակում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Վարակակիրներից 69-ի վիճակը գնահատվում է ծանր, 80-ինը՝ միջին ծանրության, իսկ մնացածի վիճակը կայուն է։
Երկրում ընդհանուր անցկացվել է կորոնավիրուսի 339 876 թեստ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 7 միլիոն մարդ է վարակվել, գրանցվել է մահվան 406 207 դեպք։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը։










