Չինաստանը միջինը 3200 դոլար է ծախսում կորոնավիրուսով վարակված մեկ անձի բուժման համար

11:48 • 08.06.20

Չինաստանի կառավարությունը միջինը 23 000 յուան (շուրջ 3200 դոլար) է ծախսում մեկ հիվանդին կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից բուժելու համար: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով ՉԺՀ պետխորհրդի մամուլի ծառայության կողմից հրապարակված «Covid-19-ի դեմ պայքար. Չինաստանի գործողությունները» սպիտակ գրքի տվյալներին:

Փաստաթղթում մանրամասն ներկայացված են կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի գործողությունները 2019 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա մայիսի վերջ:

«Մայիսի 31-ի տվյալներով՝  կորոնավիրուսով վարակված 58 000 հիվանդի բուժման հաշիվները փակվել են բազային բժշկական ապահովագրության կողմից: Ընդհանուր ծախսերը կազմել են 1,35 միլիարդ յուան կամ 23 000 յուան մեկ մարդու հաշվարկով»,-ասված է «Սպիտակ գրքում»:

Գրքում նշվել է նաև, որ «ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդի բուժման միջին արժեքը գերազանցել է 150 000 յուանը (21,2 հազար դոլար), առանձին ծայրահեղ ծանր դեպքերում ծախսերը գերազանցել են 1 միլիոն յուանը (շուրջ 141 000 դոլար):

Վերջին տվյալներով՝ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83 040 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4634 մարդ: