Չինաստանը դադարեցրել է աշխարհի 77 երկրից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում պարտքի սպասարկման համար վճարների ընդունումը

12:39 • 08.06.20

Չինաստանի կառավարությունը դադարեցրել է աշխարհի 77 երկրից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում պարտքի սպասարկման համար վճարների ընդունումը: Այս մասին ասվում է «Covid-19-ի դեմ պայքարը․ Չինաստանի գործողությունները» գրքում, որը հրապարակվել է ՉԺՀ պետխորհրդի մամուլի գրասենյակի կողմից, գրում է eadaily.com կայքը։

Փաստաթղթում մանրամասն նկարագրվում են 2019 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև մայիսի վերջ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի ձեռնարկած գործողությունները։ 

 

«Չինաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել պարտքի սպասարկման վճարների դադարեցման մասին Մեծ քսանյակի (G20) նախաձեռնությանը։ Ներկայում 77 զարգացող երկրի համար հայտարարվել է պարտքի սպասարկման վճարների կասեցում»,- ասվում է Սպիտակ գրքում։

Դրանում նշվում է նաև, որ Չինաստանը ծրագրում է ընդլայնել Աֆրիկային ուղարկելիք օգնության ծավալները։

«Աֆրիկյան ավելի քան 50 երկրի և Աֆրիկյան միությանն ուղղված բժշկական օգնությունից, ինչպես նաև մայրցամաք փորձագիտական 7 խումբ ուղարկելուց զատ, Չինաստանն աֆրիկյան երկրներին հավելյալ օգնություն կտրամադրի»,- ասվում է փաստաթղթում։

Դրանում նաև պարզաբանվում է ՉԺՀ կառավարության դիրքորոշումը համավարակի և դրա պատճառների հարցում։ Խոսվում է համավարակի դեմ պայքարի, կորոնավիրուսի հետազոտման, այլ երկրներին օգնություն ցուցաբերելու, պատվաստանյութի մշակման, վարակի հարուցիչով պամանավորված հիվանդության կանխարգելման և բուժման համար միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Չինաստանի ձեռնարկելիք գործողությունների մասին։