Իսպանական Վալյադոլիդ քաղաքի մոտակայքում նեղոսյան կոկորդիլոս են նկատել. ոստիկանությունը վտանգավոր երկկենցաղի հայտնաբերման աշխատանքներ է իրականացնում

16:36 • 08.06.20

Իսպանական Վալյադոլիդ քաղաքի մոտակայքում նեղոսյան կոկորդիլոս են նկատել․ բրիտանական The Sun պարբերականի տեղեկություններով՝ վտանգավոր երկկենցաղը հաստատվել է Դուերո գետում և վախեցրել բնակիչներին։

Աղբյուրը մանրամասնում է, որ հունիսի 5-ից ոստիկանությունը կոկորդիլոսի վերաբերյալ մի շարք բողոքներ է ստացել։ Ականատեսների համաձայն՝ Դուերո գետում նեղոսյան կոկորդիլոս է հայտնաբերվել։ Հայտնի է, որ այս կոկորդիլոսներն Աֆրիկայում են բնակվում, դրանք մինչև 5 մետր երկարություն են ունենում, չափազանց ագրեսիվ են և կարող են հաղթել անգամ այնպիսի խոշոր կենդանիների, ինչպիսիք են սև ռնգեղջյուրը, ընձուղտը, առյուծը և այլն։ Նշվում է, որ այս կոկորդիլոսները շատ վտանգավոր են մարդկանց համար։

Իսպանական ոստիկանությունը նշում է, որ երկկենցաղը 1,5 մետր երկարություն և 250 կգ քաշ ունի։ Իշխանությունները կարծում են, որ հնարավոր է նախկինում այս կոկորդիլոսին որոշել են որպես էկզոտիկ ընտանի կենդանի պահել, սակայն հետագայում ազատվել են նրանից, կամ էլ կենդանին ինքնուրույն է փախել՝ դուրս պրծնելով վանդակից։

Իսպանիայում կենդանիների պաշտպանության ծառայության ներկայացուցիչներն այժմ Սիմանկաս և Տորդեսիլյաս քաղաքների միջև գետի հատվածում են որոնողական աշխատանքներ իրականացնում․ դրանց ընթացքում օգտագործվում են նաև անօդաչու թռչող սարքեր, անհրաժեշտության դեպքում ծրագրվում է նաև պրոֆեսիոնալ ջրասուզակների ծառայություններից օգտվել։

Տեղական լրատվամիջոցների հայտարարությունների համաձայն՝ արդեն կոկորդիլոսի երկու բույն է հայտնաբերվել։ Իսպանիայի ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին չլողալ գետում և հեռու մնալ ջրամբարից։ Մինչև վտանգն անցնելը ձկնորսներին ընդհանրապես արգելվել է մոտենալ ջրին։