Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի հաղթահարման քաղաքականության մասին (տեսանյութ)

18:03 • 08.06.20

Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, այլ բան, որ այդ ճանապարհը 100 տոկոսով արդյունավետ կլինի այն պարագայում, եթե մեր քաղաքականության և հակահամաճարակային կանոնների պահպմանման մեր կոչերը հանրության կողմից լսելի լինեն ավելի ու ավելի շատ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով իրենց հակահամաճարակային քաղաքականությանը՝ Փաշինյանը նշեց, թե իրենք կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ համապատասխանում են ՀՀ անվտանգային, առողջապահական ու տնտեսական շահերին:

«Մեր խնդիրը ոչ միայն համաճարակային այս իրավիճակը հաղթահարելն է, այլև այս իրավիճակի հաղթահարման պահին ՀՀ տնտեսության, սոցիալ-տնռտեսական իրավիճակի և այլ պարամետրերով հնարավորինս առավել լավագույն վիճակում տեսնելն է: Այս պրոցեսի մեջ, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ, մասնավորապես ՝հերթ կանգնելու կուլտուրայից սկսած՝ մինչև կարգի, օրենքի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով իր ու իր ընտանիքի առողջացմանը՝ վարչապետը նշեց, թե իրենց օրինակով արդեն կարող են ասել, որ կորոնավիրուսի վարակման ժամկետների վերանայման կարիք կա, քանի որ կորոնավիրուսի հաստատումից 7 օր անց իրենց թեստերը արդեն բացասական են եղել:

Նա նշեց նաև, թե վերջին օրերին հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում:

Մանրամասները՝ տեսանյութում: